Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պետական մտածողության ի հայտ գալու պատմական պայմանները

Պետական մտածողության ի հայտ գալու պատմական պայմանները
18.06.2013 | 01:07

Հինգերորդ գումարման Ազգային ժողովի հերթական նստաշրջանն ավարտվեց արտահերթի խոստումով: Տարօրինակ է, չէ՞, որ օրենսդիրներն ու գործադիրները երբեք չեն կարողանում տեղավորվել իրենց իսկ սահմանած նորմերի մեջ` մշտապես հերթական նստաշրջանի ավարտից հետո հրավիրվում են արտահերթ նստաշրջաններ ու նիստեր: Գուցե պետք է փոխե՞լ յուրաքանչյուր նստաշրջանում քառօրյաների թիվը, եթե աշխատանքը կա ու պետք է անել: Պետք է ընդամենը հաշվարկել: Ճիշտ հաշվարկել: Թե՞ կառավարություն-խորհրդարան օրինագծային ատկատը չի հաշվարկվում` կյանքի թելադրանքով:
Հաշվի առնվո՞ւմ է կյանքի թելադրանքը որևէ ոլորտում:
Ընտրություններից հետո, գուցե նույնպես տարօրինակ է, բայց իշխանությունն անընդհատ հարկադրված է եղել արդարանալ: Օրինակ` ինչո՞ւ չփոխվեց վարչապետը: Որովհետև նրա գլխավորած կառավարությունը լա՞վ է աշխատել: Եթե կառավարության բոլոր անդամները այդքան լավ կատարել են իրենց պարտականությունները` անելով հնարավորն ու անհնարը, ինչո՞ւ նրանց աշխատանքի արդյունքները չեն արտահայտվում ոչ կենսամակարդակի, ոչ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, ոչ հասարակական, ոչ որևէ մեկիս անձնական կյանքում: Նոր կառավարություն նշանակվեց` իշխանությունը պիտի արդարանար` ինչո՞ւ խոստացված փոփոխությունները չեղան, մի քանի նախարարի փոփոխությունն ապահովելո՞ւ է կառավարության կուրսի խոստացված քաղաքականությունը` ուղղված ապահով Հայաստան ունենալուն: Մոլեգնում են մարզպետնե՞րը. իշխանությունը պիտի բացատրի, ինչո՞ւ իր կողմնակիցները չեն կարողանում իրար հետ լեզու գտնել խաղաղ պայմաններում ու դիմում են զենքի: Հետո պիտի արդարանա` ինչո՞ւ անկախ չէ դատական իշխանությունը Հայաստանում: Այլընտրանքո՞ւմ է երկրորդ քաղաքական ուժը, իշխանությունը պիտի բացատրի, թե ինչո՞ւ, ինչքա՞ն ու ի՞նչ գնով: Րաֆֆին այլևս չի՞ բարևում, մեղավորն իշխանությունն է: Ընդդիմությունը իր տեղում չէ` իշխանության մեղքն է: Ինչո՞ւ ենք բոլոր պահանջները ներկայացնում իշխանությանը:
Ի՞նչ դեր ունի հասարակությունը երկրում: Քաղաքացիական հասարակությանը նկատի չունեմ, որովհետև քաղաքացիական հասարակությունը ի բնե և ի պաշտոնե մի կառույց է, որ ոչնչի համար պատասխանատու չէ, թեպետ միշտ խոսում է իրավունքներից ու պարտականություններից` իր իրավունքներից և ուրիշների պարտականություններից: Բայց դա իր գործն է, որ լավ-վատ անում է` ըստ ֆինանսավորման ինտենսիվության ու տևողության: Նկատի ունեմ բուն հասարակությունը, որ ապրել-ապրում ու համառորեն չի հեռացել-չի հեռանում երկրից: Ի՞նչ է անում:
Ընդդիմության հարցում հաստատ իշխանությունը մեղավոր է` միանշանակ: Զարմանալիորեն Հայաստանի ընդդիմության որոշակի հատվածի համար ոգեշնչման աղբյուրն ու գոյության պայմանը իշխանությունն է: Առանց իշխանության կորչում են այդ ընդդիմության գոյության իմաստն ու նպատակը: Նրանք հռչակում են «հանուն» ու ապրում են «ընդդեմ» ոճով: Մասնավորապես ՀԱԿԿ-ը, որ իր համար էլ աննկատ ամբողջովին հեռացել է այն խնդիրներից ու սկզբունքներից, որոնց հռչակումով գոյացավ ու կայացավ և հիմա միանգամայն բարեհաջող իր խնդիրը նեղացրել, հարմարեցրել է խորհրդարանական ամբիոնի հնարավորություններին, այն է` «ապացուցել իշխանության սխալները, բացահայտել նրա հանցագործությունները ու նման գործընթացների շնորհիվ հասնել հանցագործ իշխանությունների հեռացմանը և պետական մտածողություն ունեցող ընդդիմության իշխանության գալուն», ինչպես ձևակերպում է Լևոն Զուրաբյանը: Հիշո՞ւմ եք` ինչ էր խոստանում նորընտիր պատգամավոր Զուրաբյանը համարյա մեկ տարի առաջ: Պատերազմ իշխանության դեմ ու ահեղադղորդ հաղթանակ: Ազգային ժողովի պատերն իսկ պիտի ցնցվեին ՀԱԿ-ի հարվածներից ու իշխանությունը պիտի ինքնափլուզվեր: Բայց ՀԱԿ-ը դարձավ ՀԱԿԿ, որ հավասարազոր էր ինքնափլուզման, իսկ իշխանությունը դեռ կա:

Եվ` մեծապես շնորհիվ իր դեմ «պայքարողների»: Պետական մտածողություն ունեցող ընդդիմության իշխանության գալը միակ պայծառ կետն է, որ կա Լևոն Զուրաբյանի մտապատկերում: Բայց նա խորապես մոլորվում է, եթե համարում է, որ ինքը կամ ՀԱԿԿ-ն որևէ կապ ունեն այդ ընդդիմության հետ: Միանգամայն հակառակը` գործնականում ՀԱԿԿ-ն այսօր պայքարում է ոչ թե իշխանության դեմ, այլ ընդդիմության: Միակ խնդիր ունենալով` վերահաստատել երբեմնի բացարձակ առաջատարի դիրքերը: Բայց եթե այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձել էր քաղաքականություն` պայքար հռչակելով «ավազակապետության» դեմ ու հանուն ժողովրդավարության, ընթացքում պարզվեց, որ իր և հանրության պատկերացումները թե՛ ավազակապետության, թե՛ ժողովրդավարության հարցում որոշակիորեն տարբերվում են: Պատճառների մասին այնքան է գրվել, որ իրապես անհեթեթ է նորից անցնել 2007-2008-2009-2010-2011-2012-2013 թվականների ոդիսականն իր կեռմաններով ու շրջադարձերով: Առաջին նախագահն ընտրեց պրագմատիզմը` ելնելով իշխանության գալու ու հրաժարականի իր պատճառներից ու փորձից, այդ գործընթացներում արտաքին ուժերի ներգործության արդյունքների ու հետևանքների տարբերությունից, և այսօր նա գործնականում հեռացել է քաղաքականությունից` իրեն վերապահելով հեռվից ուղղորդողի, խորհրդատուի կամ քաղաքական բառարանով` գորշ կարդինալի դերը, ում ձեռքում է իրական իշխանությունը, ձևականորեն լինելով ուրիշի ձեռքում: Բայց ամբողջ խնդիրը հենց դա է` կարդինալը կա, իշխանությունը չկա: Ավելին` չկա նույնիսկ դեպի իշխանություն տանող հաստատուն սանդուղքը. Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ հեռացավ ժողովրդից, ժողովուրդը հերթական անգամ հեռացավ Լևոն Տեր-Պետրոսյանից: Երրորդ վերադարձ հազիվ թե լինի: Ոչ միայն տարիքի բերումով: Երկիրն է փոխվել, փոխվել է քաղաքական դաշտը, փոխվել է իշխանությունը, փոխվել է ժամանակը: Այլևս նախկին մեթոդներով իշխանության հասնել հնարավոր չէ: «Նման գործընթացներով հանցագործ իշխանության հեռացմանը հասնել» փորձող ՀԱԿԿ-ում լավ են հասկանում, որ այդ գործընթացը իշխանության հետ քաղաքականությունից հեռացնելու է իրենց: Հենց այդ պատճառով իրական պայքարը ոչ թե իշխանության, այլ ընդդիմության դեմ է ուղղում` համոզելու, ներշնչելու, որ իրենք են միակն ու աննմանը: Իր ամբողջ քաղաքականությունը ՀԱԿԿ-ն այսօր կառուցում է այդ առանցքի վրա. մենք ու միայն մենք ենք («մենք», այսինքն` ՀԱԿԿ-ն ու ԲՀԿ-ն, թեպետ հրապարակային քաղաքականության հարթակում այդ տանդեմը չի կայանում, որքան էլ աներկբա կամ անքակտ թվա ստվերային քաղաքականության մեջ) այսօր պայքարում իշխանության դեմ, իսկ ովքեր մեզ հետ չեն, ժողովրդի թշնամիներն են: Պարզ հարցը` «Իրենք ժողովրդի հետ ի՞նչ կապ ունեն», չի տրվում, համարվում է անհեթեթ ու անվայել: Մինչդեռ ամենալավն այդ հարցին պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը` ընդամենը բարևելով և շատ ավելի արդյունավետ լինելով իր բարևային գործընթացներում, քան ավազակապետության կազմաքանդման ՀԱԿ-ի բարձրադղորդ երկխոսությունն էր իշխանության հետ այս ընթացքում: Քաղաքական ընդդիմադիր դաշտի ամայացման, վարկաբեկման, դիմազրկման իր քաղաքականությամբ ՀԱԿԿ-ը բնավ չի զիջում իշխանությանը: Ավելին` եթե իշխանությունը գոնե խոսքային մակարդակով ընդունում ու գնահատում է ընդդիմության (նույնիսկ ուժեղ ընդդիմության) անհրաժեշտությունը, ՀԱԿԿ-ը խոսքի ու գործի մակարդակում փորձում է համոզել, որ ընդդիմություն չկա: Իհարկե` իրենից բացի: ՈՒ ոչ միայն չկա, այլև չի կարող լինել: ՈՒ ոչ միայն չի կարող լինել, այլև պետք էլ չէ, որ լինի: Այդպե՞ս է արդյոք: Արդեն իսկ ՀԱԿ խմբակցության մեկամյա պատմությունը այդ հարցի խոսուն պատասխանն է: Ընդունեք, որ դա խիստ ձեռնտու է իշխանությանն ու հարմար: Իշխանությունը համարյա ջանք չի գործադրում խանգարելու պետական մտածողություն ունեցող ընդդիմության ձևավորմանը` այդ գործը բարեհաջող հանձնելով խորհրդարանական ընդդիմությանը: Շահում են երկուստեք` ինչո՞վ համագործակցություն չէ: Եվ եթե ՀԱԿԿ-ը շարունակի Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի թաքնված ու անթաքույց փառաբանումը (ավազակապետության հրաշալի ընկալում է, չէ՞, համարյա կոմունիստական, երբ հեղափոխական նպատակահարմարությունը արդարացնում էր գաղափարական, ռազմավարական ու մարտավարական բացահայտ հակասությունները) և բոլոր նրանց, ովքեր այդ կարծիքին չեն, համարի Սերժ Սարգսյանի կողմնակից, պարզվելու է, որ քաղաքական դաշտի և ժողովրդի, ում անունից իներցիայով շարունակում են խոսել, բացարձակ մեծամասնությունը Սերժ Սարգսյանի կողմնակիցն է: Եթե Լևոն Զուրաբյանն այդպես է պատկերացնում իշխանության սխալներն ապացուցելը, իր խնդիրն է: Իսկ եթե դրան հավելում է վարչապետի դեմ օֆշորային պայքարի իր կարծիքով ծանրակշիռ փաստարկը, ընդամենը պետք է համադրել, թե երբ, ինչու, ում պատվերով ու ինչ պատճառով են անհայտ դրվագները դառնում հայտնի, հայտնի դրվագները դառնում հանրահայտ: Մնացածն իսկապես տեխնիկայի հարց է: Իսկ տեխնիկան 21-րդ դարում խիստ զարգացած է: Լևոն Զուրաբյանը (ցավոք, այսօր նա է դարձել Լևոն Տեր-Պետրոսյանի «ներկայացուցիչը») հանգիստ կարող է մինչև սեպտեմբեր ձիավարել սպիտակ նժույգի վրա, բայց խորհրդարանի այգում, քաղաքական դաշտում անլուրջ են նրա ու նրա ներկայացրած քաղաքական ուժի հավակնությունները: Պատճառը բնավ հանրահավաքային հաշվապահությունը չէ, հանրահավաքներ անել-չանելը չէ, ասելիքի ու անելիքի բացակայությունը չէ: Պատճառը պետական մտածողություն ունեցող ընդդիմությունն է, որ ցանկանա, թե չցանկանա որևէ քաղաքական ուժ, ձևավորվելու ու կայանալու է, որովհետև հենց այդ ուժն է պետք ժողովրդին` ձևական ժողովրդավարությունից իրական ժողովրդավարություն անցման համար: Այն ժողովրդին, որ ընտրությունից ընտրություն կորցնում է հերթական ընդդիմադիր քաղաքական ուժին, բայց շարունակում է իր քաղաքական պայքարը` նույնիսկ քաղաքական ձևակերպումներ չտալով ու պահանջներ չառաջադրելով: Սա էլ հայ ժողովրդի ներդրումն է ժողովրդավարության հաստատման համաշխարհային պատմության մեջ: Ի՞նչ դեր ունի հասարակությունը երկրում: Երկրապահի: Երբ իշխանությունը զբաղված է իրեն պահելով, ընդդիմությունը` իրեն, հասարակությանը մնում է երկիրը պահելը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Ինչո՞ւ հանկարծ որոշեցի Լևոն Զուրաբյանին լուրջ ընդունել: Հիացած եմ ծովի ինքնամաքրման «քաղաքականությամբ» և իսկապես շատ եմ ուզում, որ քաղաքական դաշտում էլ այդ «քաղաքականությունը» գործի: Սա` մեկ: Երկրորդ` պատմությունը ոչ միայն այն տարածքն ու ժամանակն է, որտեղ պիտի տեսնես քեզ ու միայն քեզ, այլև ուրիշներին, այլ նաև` բոլորին: Եվ երրորդ` «ընդդիմություն» հասկացությունն այնքան է տարտղնվել, որ արդեն պարտադրում է նորից իրեն սահմանել: Անցյալի մեթոդները արդեն չեն գործում: Չի գործում անցյալի կախարդանքը: Նոր ժամանակը պահանջում է նոր գաղափարներ: Արդեն նաև` այդ գաղափարները կենսագործողներ: Անցյալի մեջ խրվել-մնալը զրկում է հեռանկարից:

Դիտվել է՝ 2499

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ